Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը արաբական ռազմական կոալիցիա է ուզում ստեղծել

ԱՄՆ-ը արաբական ռազմական կոալիցիա է ուզում ստեղծել
17.02.2017 | 10:08

Թրամփի վարչակազմը բանակցում է արաբ դաշնակիցների հետ ռազմական դաշինքի ստեղծման շուրջ, որը հետախուզական տվյալներ կփոխանակի Իսրայելի հետ ընդհանուր թշնամու՝ Իրանի դեմ պայքարում՝ գրում է Մարիա Աբի Հաբիբը The Wall Street Journal-ում՝ հղում անելով իրենց անունը հայտնիացնել չցանկացած պաշտոնյաներին: Արաբական երկրներից բանակցություններին մասնակցող հինգ պաշտոնյաներ նրան պատմել են, որ դաշինքի կազմում են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, որ պաշտոնապես Իրանի թշնամիներ են համարվում, Եգիպտոսը և Հորդանանը, որ Իսրայելի հետ վաղուցվանից ունեն խաղաղության համաձայնագրեր:

«Դաշինքի մեջ մտնող արաբական երկրների համար կլինեն փոխադարձ պաշտպանության պայմաններ, ինչպես ՆԱՏՕ-ում՝ մեկի վրա հարձակումը կդիտարկվի հարձակում բոլորի վրա»՝ բացատրել են պաշտոնյաները և հավելել, որ պայմանագրի մանրամասները դեռ մշակվում են: ԱՄՆ-ը դաշինքին առաջարկում է ավելի մեծ ռազմական ու հետախուզական աջակցություն, քան հիմա տրվում է Իրանի աջակցությամբ ապստամբ հուտիների դեմ Եմենում կռվող Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքին: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը փոխադարձ պաշտպանության պայմանագրի մաս չեն կազմելու: Թրամփի վարչակազմի պաշտոնյաները հայտարարել են, որ ցանկանում են կենդանացնել ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունները Մերձավորարևելյան տարածաշրջանում և նոր քայլեր ձեռնարկել Իրանի տարածաշրջանային ազդեցության զսպման համար, թեպետ այդ ծրագիրը հրաժարվել են մեկնաբանել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամլո քարտուղարը ևս հրաժարվել է մեկնաբանել:

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց պահանջներն են առաջադրում Իսրայելի հետ համագործակցության դիմաց: Նրանք ցանկանում են, որ ԱՄՆ-ը չեղարկի օրենքը, որով 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքները կարող են այդ պետությունների դեմ հայցեր ներկայացնել ԱՄՆ դատարաններ: Պարսից ծոցի սուննի միապետները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ ներքաշված են շիական Իրանի դեմ տարածաշրջանում ներգործության համար իշխանական պայքարում: Ավանդաբար այդ պայքարը մղվում է երրորդ ուժերի միջոցով: Արաբ պաշտոնատարների խոսքով՝ «նոր դաշինքի հիմք կլինի Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սուննի երկրների կոալիցիայի ընդլայնումը, որ ռազմական գործողություններ է վարում Եմենում»: Եմենում էլ տեղի կունենա նոր դաշինքի առաջին փորձությունը: «ԱՄՆ-ը կմեծացնի ռազմական աջակցությունը Եմենում և կպաշտպանի Կարմիր ծովը՝ նավագնացության համար կենսականորեն կարևոր ճանապարհ, որին սպառնում է պատերազմը»՝ պատմել են պաշտոնյաները: Վերջին երկու շաբաթներին ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններում Էմիրաթների ու Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտնել են իրենց հիացմունքը անվտանգության և հետախուզության ոլորտում Իսրայելի ներուժով, լռելյայն համաձայնելով Իսրայելի հետ հետախուզական տվյալների փոխանակմանը, եթե դաշինքը ձևավորվի: Իսրայելի հետ արաբական երկրների առավել բաց համագործակցությունը հնարավոր կլինի, երբ Իսրայելը դադարեցնի Հորդանանի արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի ստեղծումը: Համագործակցությունը կախված է նաև Թրամփից՝ կհրաժարվի՞ նա ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքից:


«Մենք պաշտոնական հարաբերություններ չունենք Իսրայելի հետ»՝ ասել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի ռազմական խորհրդատու, գեներալ մայոր Ահմեդ Ասիրին և հավելել, որ Իսրայելը Իրանի նույն սպառնալիքի առաջ է, ինչ Սաուդյան Արաբիան:
Մարիա ԱԲԻ ՀԱԲԻԲ, The Wall Street Journal


Հ.Գ. Եվ ո՞վ էր ասում, որ ԱՄՆ-ը հեռանալու է կոնֆլիկտների գոտուց ու կենտրոնանալու է իր ներքին խնդիրների վրա, որ դառնա մեծ: Դոնալդ Թրամփի վարչակարգը առայժմ փորձում է նվազ միջոցներով առավել արդյունքների հասնել արտաքին քաղաքականության մեջ: Ինչո՞վ կպատասխանի Թեհրանը: Նվազագույնը դաշինքը ձախողելու քայլերով: Ահաբեկչության դեմ պայքարը՝ պայքար, բայց կան և տնտեսական, և քաղաքական, և ռազմական շահեր տարածաշրջանում ու հազիվ թե Թեհրանը թույլ տա, որ ԱՄՆ-ը վերադառնա հրամանատարական դիրքեր՝ իր նկատմամբ թշնամական վերաբերմունքով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ